Նվեր մտքեր։ Սեմյոն Սոլովեյչիկ

Ազատ մարդ

Բարձրագույն արժեքը

Նախկին գաղափարախոսությունը հեռացավ ոչ թե չարանենգ մարդկանց կամքով, ինչպես երբեմն կարծում են, այլ որովհետև նրա հիմքում ուտոպիա էր՝ մի բան, որն աշխարհում չկա, չի կարող լինել: Գեղեցիկ, բայց անիրականանալի երազանք: Իրականում շատ քչերն էին հավատում դրան, այդ պատճառով էլ դաստիարակությունը մշտապես անարդյունավետ էր լինում: Պաշտոնական պրոպագանդան, որն իրականացնում էր նաև դպրոցը, շշմելու չափ չէր համապատասխանում իրական կյանքին: Հիմա իրական աշխարհ ենք վերադառնում: Կարդալ ավելին

Վերլուծություն

Նյութը կարդալու ընթացքում որոշեցի հղումը ուղարկել նաև Էրիկին։ Զուգահեռ՝ առանձին-առանձին կարդացինք Սեմյոն Սոլովեյչիկի խոհերը ազատ մարդու մասին։ Ավարտեցինք։ Կարճատև լռություն։ Սկսեցինք բանավիճել։
Ինչպես միշտ, Էրիկը բարձրաձայնեց իր անհամաձայնությունը հեղինակի հետ։
ԵՍ․ — Ես ինքս ունեցել եմ նման զգացողություն, ինձ համարում եմ ներքին ազատություն ունեցող մարդ, և, իսկապե՛ս, շատ դեպքերում խիղճը սահմանափակել է ինձ։
ԷՐԻԿ․ — Ես կփոխարինեի «խիղճը» բառը «հոգի» բառով։ Եթե մենք խոսում ենք ներքին ազատության անսահմանության մասին՝ հոգին ավելի դիպուկ է։ Խիղճը դրսևորվում է կոնկրետ իրադրությունում, որն ավելի հատուկ է արտաքին ազատությանը։ Խնդրում եմ, որ «Ինչ է խիղճը» ենթաբաժինը նորից կարդաս՝ բառը փոխված։
Այստեղ ես կանգնեցրի մեր խոսակցությունը։ Որոշեցի, որ հետաքրքիր կլինի նյութի վերլուծությունը ներկայացնել հենց այս տեսքով։ Գրի եմ առնում մեր երկխոսությունը։
Գնացինք մեկ քայլ հետ։ Սկզբի համար պարզեցինք, որ նախկին գաղափարախոսության ժամանակ մենք դեռ ծնված չենք եղել, այլ կերպ ասած՝ ծնվել ենք արդեն իրական աշխարհում։
Նորից կարդում եմ ենթաբաժինը։

… Յուրաքանչյուրս հանդիպել է ազատ մարդկանց: Նրանց միշտ սիրում են: Բայց կա մի բան, որից իրապես ազատ մարդն ազատ չէ: Շատ կարևոր է սա հասկանալը: Ինչի՞ց ազատ չէ ազատ մարդը: Հոգուց:

Ի՞նչ է հոգին

Եթե չհասկանանք, թե ինչ է հոգին, ապա չենք հասկանա նաև ներքուստ ազատ մարդուն: Առանց հոգու ազատությունը կեղծ ազատություն է, դա ծանրագույն կախվածության տեսակներից է: Կարծես թե ազատ, բայց անհոգի մարդն իր նկրտումների գերին է, կյանքի հանգամանքների ստրուկը, և իր արտաքին ազատությունը նա ի չարն է գործադրում: Այդպիսի մարդուն կարելի է ցանկացած անուն տալ, բայց ոչ ազատ: Ազատությունը հասարակական գիտակցության մեջ ընկալվում է որպես բարություն:

Ուշադրությո՛ւն դարձրեք մի կարևոր առանձնահատկության. այստեղ չի ասվում՝ ազատ չէ իր հոգուց, ինչպես սովորաբար ասում են: Որովհետև իր հոգի չի լինում. Հոգին և՛ սեփական է, և՛ ընդհանուր: Հոգին այն ընդհանուրն է, որը յուրաքանչյուրի մեջ առանձին կա: Հոգին այն է, որ միավորում է մարդկանց: Հոգին այն ճշմարտությունն է, որը մարդկանց միջև և յուրաքանչյուր մարդու մեջ է ապրում: Նա միակն է բոլորի համար, այն ընկալում ենք լեզվի միջոցով, դաստիարակության հետ, միմյանց հետ շփվելով: Պետք չէ հարցնել, թե ինչ է ճշմարտությունը. ազատության նման, դա էլ հնարավոր չէ բառերով արտահայտել: Բայց այն զգում ենք արդարության զգացողությամբ, ինչը յուրաքանչյուրս զգում է, երբ կյանքը ճիշտ է ընթանում: Եվ յուրաքանչյուրը տառապում է, երբ արդարությունը խախտվում է, երբ ճշմարտությունն է ոտնահարվում: Հոգին՝ խիստ ներքին, բայց միաժամանակ հասարակական զգացողություն, մեզ ասում է, թե որտեղ է ճշմարտությունը, և որտեղ` սուտը: Հոգին մարդուն ստիպում է կառչել ճշմարտությանը, այսինքն՝ ճշմարտությամբ, արդարացի ապրել: Ազատ մարդը խստորեն ենթարկվում է հոգուն, բայց միայն նրան:

ԵՍ․ — Ոչ, այսպես ես չվերապրեցի այն ինչ զգացել էի։ Խիղճն ավելի իրական է։
ԷՐԻԿ․ — Բացատրի՛ր, օրինակ ի՞նչ իրավիճակում է խիղճը սահմանափակել ազատությունդ։
ԵՍ․ — Չեմ կարող հիշել հստակ օրինակ։ Երբ արթնանում է խիղճը, ունենում ենք ներքին ազատություն, որը տրվում է արտաքին ազատության գնով։ ԵՎ հակառակը՝ երբեմն ստեղծում ենք վանդակներ խղճի համար, ունենում ենք արտաքին ազատություն։ Կարծում եմ, որ իրական ազատ մարդը պետք է ունենա և՛ ներքին, և՛ արտաքին ազատություն միաժամանակ։

Արդյոք ես ինքս ունե՞մ ներքին ազատություն։

Շարունակելի․․․

Թողնել մեկնաբանություն